Միջազգային տնտեսական գիտաժողով՝ տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորման թեմայով
Հայաստանում հաջողությամբ իրականացվեց միջազգային տնտեսական գիտաժողով՝ Տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորման թեմայով, որին հրավիրված են միջազգային և տեղական գիտնականներ ու ֆիզիկոսներ, ովքեր աշխատում են այնպիսի արդիական ոլորտներում, ինչպիսիք են՝ տնտեսության մոդելավորման նորարարական թեորիաները, քաղաքական և սոցիալական վարքագծերը, որոշումների կայացման քվանտային թեորիան, ֆինանսական ռիսկերի և ճգնաժամերի կանխատեսումները, արդյունաբերական հետազոտությունները և զարգացումները, որոնք հաջողությամբ կարելի է կիրառել և արդյունավետորեն օգտագործել ի նպաստ Հայաստանի տնտեսությանը:
Միջոցառման կայացմանը օժանդակել է Եվրոպական միությունը՝ իր Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագրի միջոցով: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով մասնավորապես շեշտեց Մեծ տվյալների (Big Data) կարևորությունը և դերը, ու թե հատկապես ինչպես պետք է դրանից ճիշտ օգտվել տնտեսական մոդելավորումների նպատակով, ոչ թե ուղղակիորեն ապագան վերահսկելու միտումով: Դեսպանը մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք, որի արդյունքում հնարավոր կլինի առանձնացնել որոշակի մոդելներ՝ կիրառելի Հայաստանի տնտեսության մեջ:
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տ. Խաչատրյանը, ՀՀ ֆինանսների նախարար Ա. Ջանջուղազյանը, պետական կառույցների ներկայացուցիչներ, գիտնականներ, տնտեսագետներ, ֆինանսիստներ, վերլուծաբաններ և այլոք: